Հայտադիմումներ ներկայացնելու հրավեր Արդարություն և համընդհանուր ներառում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ 

Եվրասիա հիմնադրամն (ԵՀ) ընդունում է փոքր դրամաշնորհային ծրագրերի անհատական հայտադիմումներ Հայաստանում և Մոլդովայում բնակվող հաշմանդամություն ունեցող երիտասարդներից։ Երիտասարդական առաջնորդության ջատագովության նախաձեռնությունները նպատակ ունեն առաջխաղացնելու համակարգային քաղաքականություններն ու գործողությունները, որոնք ուղղված են ներքոգրյալ կետերից մեկին կամ մի քանիսին․  

  • Արդարադատության մատչելիության բարձրացում 
  • Քաղաքական գործընթացներին մասնակցության բարձրացում և արդյունավետ կառավարում 
  • Հաշմանդամություն և կլիմայի փոփոխություն 
  • Հանրային տարածքների մատչելիություն 
  • Առողջապահության, ներառյալ սպորտի հասանելիություն 
  • Ներառական կրթություն 
  • Ապաինստիտուցիոնալացում 

Նախագծերը պետք է իրականացվեն 6 ամսվա ընթացքում, առավելագույնը 2800 ԱՄՆ դոլարի սահմանում։ Նախագծերը պետք է առաջնորդվեն երիտասարդների կողմից, երիտասարդների համար։ Առաջնահերթությունը կտրվի․ 

  • ենթակառուցվածքների, ծառայությունների և համակարգերի շրջանում խնդիրների լուծմանը և հաշմանդամություն ունեցող երիտասարդների կյանքի բարելավմանն ուղղված ջատագովության նախաձեռնություններին, 
  • հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալ-տնտեսական և քաղաքական ինտեգրմանը նպաստող հզորացման նախագծերին, 
  • իրենց համայնքներում որոշումների կայացման գործընթացում և երիտասարդ ընտրազանգվածի կարիքներին ուղղված գործողություններում երիտասարդների ներգրավվածությանը նպաստող նախագծերի։ 

Ընտրված մասնակիցները կկցվեն հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպության, որը նախագծի ընթացքում մենթորության և առաջնորդության հնարավորություններ կընձեռի երիտասարդներին։  

Ջուդի նախաձեռնությունը ծրագիր է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ հայ և մոլդովացի 18-30 տարեկան երիտասարդների համար, որոնք փնտրում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում կարողությունների զարգացման և ջատագովություն հնարավորություններ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024թ․ հուլիսի 31, չորեքշաբթի՝ 23:59 EDT: 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ 

Հայտադիմում կարող են ներկայացնել18-30 տարեկան երիտասարդներ Հայաստանից և Մոլդովայից, որոնք նույնականացնում են իրենց որպես հաշմանդամություն ունեցող և հետաքրքրված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագովությամբ։  

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

Ջուդի նախաձեռնության դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ամբողջական առցանց հայտադիմումը։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ «Հայտադիմումների և իրականացման ուղեցույց» փաստաթղթին։ Հայտադիմումի բոլոր նյութերը պետք է ներկայացնել մինչև 2024թ․ հուլիսի 31, չորեքշաբթի՝ 23:59 EDT: 

Հայտաձևը հասանելի է Ջուդի նախաձեռնության վեբկայքում։ 

Առցանց հայտադիմումները կարող են ներկայացվել հայերեն կամ ռումիներեն լեզուներով։  

Հայտադիմումն ուղարկելուց հետո դիմողները նշված էլեկտրոնային հասցեին կստանան գրավոր ծանուցում։ 

Հայտադիմումը լրացնելիս որևէ դժվարության բախվելիս խնդրում ենք գրել [email protected] հասցեին։  

Այս մրցույթի շրջանակում ներկայացված նյութերը և փաստաթղթերը վերադարձի ենթակա չեն, Եվրասիա հիմնադրամի կողմից դիտարկման ընթացքում դրանց գաղտնիությունը երաշխավորվում է։ Եվրասիա հիմնադրամը ներկայացված հայտերն օգտագործելու է բացառապես դիտարկման նպատակով և չի տրամադրելու տեղեկություն որևէ արտաքին անձանց կամ հաստատությունների, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է ԱՄՆ, հայկական կամ մոլդովական օրենքով, կամ Եվրասիա հիմնադրամի հետ դոնոր կազմակերպությունների պայմանագրով։ 


ԾՐԱԳՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2024 

Ծանուցում որոշման մասին*՝ օգոստոսի կես, 2024 

Նախագծի մեկնարկ*՝ սկսած 2024թ․-ի սեպտեմբերի 1-ից 

Նախագծի ավարտ՝ մինչև 2025թ․ փետրվարի 28 

*Խնդրում ենք նկատառել, որ նշված ժամկետները մոտավոր են և ենթակա են փոփոխության 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ 

Ընտրության չափանիշները կարող են ներառել․  

  • Հաշմանդամությանը և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող թեմա։ Գնահատվում է նախագծի համապատասխանությունը հաշմանդամությանն առնչվող որոշակի թեմաներին կամ իրավունքներին։ Դիտարկվում է, թե որքանով է առաջարկվող նախաձեռնությունը համահունչ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագովության և իրավունքների պաշտպանության սկզբունքներին։  
  • Հաշմանդամության տեսակների բազմազանություն։ Գնահատվում է նախագծի ներառականությունը՝ հաշվի առնելով, թե ինչպես է այն անդրադառնում հաշմանդամության տարբեր տեսակներին։ Արդյոք առաջարկվող գործողությունները վերաբերո՞ւմ են տարբեր տեսակի հաշմանդամությունների՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց ներկայացվածություն և հավասար հնարավորություններ։  
  • Աշխարհագրական բազմազանություն։ Գնահատվում է նախագծի հասանելիությունը աշխարհագրական տարբեր վայրերում։ Ներառու՞մ են արդյոք առաջարկվող գործողությունները տարբեր տեղանքներ՝ ապահովելով հավասար հասանելիություն և ազդեցություն տարբեր համայնքներում և միջավայրերում։  
  • Փոփոխություն բերելու ներուժ։ Գնահատվում է նախագծի՝ նշանակալի և կայուն փոփոխություն բերելու ներուժը։ Դիտարկվում է առաջարկվող գործողությունների արդյունքում հաշմանդամությանը վերաբերող քաղաքականություններում, գործողություններում, հասարակության վերաբերմունքի մակարդակով շոշափելի փոփոխությունների և հաշմանդամություն ունեցող անձանց համար դրական արդյունքների հավանականությունը։ 
  • Գենդերային ներառականություն։ Գնահատվում է նախագծի մոտեցումը գենդերային ներառականությանը։ Առաջարկվող գործողությունները նկատառե՞լ են հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում բոլոր գենդերների անհատների  յուրահատուկ կարիքներն ու փորձառություններն՝ ապահովելով հավասար մասնակցություն և հզորացման հնարավորություններ։  
  • Իրագործելիություն։ Գնահատվում է առաջարկվող նախագծի իրականացման գործնականությունն ու կենսունակությունը։ Դիտարկվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռեսուրսների հասանելիությունը, լոգիստիկ առանձնահատկությունները և պոտենցիալ մարտահրավերները՝ գնահատելու համար, թե արդյոք նախագիծը կարո՞ղ է արդյունավետորեն իրականացվել սահմանված ժամկետների և բյուջեի շրջանակներում։  

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․ հասցեին։