​​Նախագծի հայտադիմումների և իրականացման ուղեցույց ​ 


​​Նախագծի կառավարման գործընթացներ և ուղենիշներ​ 

  1. ​​Նախապատրաստում և ծրագրում ​ 

​​Մինչ ֆինանսավորման դիմելը մանրամասնորեն ծրագրեք ողջ գործընթացը և պատրաստվեք դրան: 
Հավաստիացեք, որ համապատասխանում եք ֆինանսավորման պահանջներին և չափանիշներին։​ 

​​
Մտածեք նաև նախագիծ-առաջարկի,  դրա նպատակների, գործողությունների, ժամանակացույցի և բյուջեի մասին:​ 

  1. ​​Հայտադիմումի ներկայացում​ 

​​Դրամաշնորհի հայտադիմումը սկսեք լրացնել նախագծի նախնական գաղափարը հստակեցնելուց, մշակելուց հետո։ Խնդրում ենք հայտաձևը լրացնելիս ուշադիր լինել, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Հայտադիմումը պետք է ներկայացվի մինչ սահմանված վերջնաժամկետը։ ​ 

  1. ​​Նախագծի ընտրություն և ֆինանսավորման տրամադրում​ 

​​Հայտադիմումի հաստատումից հետո ընտրված մասնակիցներին ծանուցում կուղարկվի երիտասարդական կրթաթոշակի ստացման մասին։ Կարևոր է ուշադրությամբ ծանոթանալ պայմանագրում նշված դրույթներին և պայմաններին, հավաստիանալ, որ նախագիծը համապատասխանում է դրանց։ Առարկություններ չունենալու դեպքում ընտրված մասնակիցները պետք է գրավոր կերպով հաստատեն, որ ընդունում են ֆինանսավորումը և պարտավորվում են կատարել պայմանագրով սահմանված պահանջները։ Իրականացման փուլում կարևոր է վերահսկել նախագծի ընթացքը, արձագանքել հնարավոր խնդիրներին և մարտահրավերներին, մանրամասնորեն արձանագրել ծախսերն ու հենակետային ձեռքբերումները։ ​ 

​​5․ Ֆինանսական կառավարում​ 

​​Ծրագրի ընթացքում առանցքային նշանակություն ունի արդյունավետ ֆինանսական կառավարումը։ Անհրաժեշտ է ֆինանսական խիստ վերահսկողություն իրականացնել, որպեսզի ծրագրային միջոցները կառավարվեն եկամտի այլ աղբյուրներից զատ։ Կարևոր է ապահովել ծախսերի թույլատրելիությունը և համապատասխանությունը հաստատված բյուջեին։ Համաձայն պահանջների՝ կարող է ծագել պարբերական ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և դոնորին ներկայացնելու անհրաժեշտություն։ ​ 

​​6. Հաշվետվություն և համապատասխանություն​ 

​​Ֆինանսավորման պայմանագրի համաձայն՝ երիտասարդ կրթաթոշակառուները պետք է ամեն ամիս լրացնեն Google ձևաթուղթը, որտեղ մանրամասն տեղեկություններ կտրամադրեն ամսվա ընթացքում իրականացված գործողությունների, մարտահրավերների, հաջորդ ամսվա ընթացքում անհրաժեշտ տեխնիկական աջակցության,  նախագծի պլանավորման փոփոխությունների և, առկայության դեպքում՝ այլ հարցերի վերաբերյալ։ Առաջընթացի այս ամենամսյա հաշվետվությունը երիտասարդները պետք է լրացնեն հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպության իրենց մենթորի հետ։ Թե՛ կազմակերպություններին, թե՛ երիտասարդներին գումարի հերթական փոխանցումն իրականացվելու է այս հիմքով։ ​ 

​​7. Գնահատում և վերլուծում​ 

​​Ծրագրի ավարտից հետո երիտասարդ կրթաթոշակառուները հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների իրենց մենթորների հետ պետք է գնահատում իրականացնեն՝ չափելու ծրագրի արդյունավետությունն ու համապատասխանությունը սահմանված նպատակներին։ Սա ներառում է քաղած դասերը, արձանագրած հաջողություններն ու մարտահրավերները, բարելավման ենթակա ոլորտների նկատառումը։ Այս ամենը շահառուների և դոնորների հետ կիսելը կօգնի բարեփոխել ֆոնդհայթայթման հետագա ջանքերն ու ջատագովության ռազմավարությունները։ ​ 

​​8. Փակում և հաջորդող գործողություններ​ 

​​Ծրագրի ավարտին մոտ ժամկետներում, երիտասարդ կրթաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձանց մենթոր կազմակերպություները պետք է դոնորներին ներկայացնեն վերջնական հաշվետվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Հնարավոր է՝ կարիք լինի վերադարձնել չծախսված գումարները։ Հաշմանդամություն ունեցող անձանց մենթոր կազմակերպությունները պետք է դոնորների հետ բաց հաղորդակցություն վարեն ետծրագրային հնարավոր գործողությունների, գնահատման գործընթացների վերաբերյալ։ Սա կապահովի ծրագրի սահուն փակումը և հիմք կստեղծի ապագա գործակցությունների համար։ 
​ 

​​Նախագծի գաղափարներ​ 

​​Այս ուղեցույցը երիտասարդ կրթաթոշակառուներին տրամադրում է տեղեկատվություն, որը նրանց թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչ բնույթի նախագծեր կդիտարկվեն ֆինանսավորման համար, և թե ինչ նախագծեր չեն համապատասխանի սահմանված չափանիշներին։ Երիտասարդական ծրագրերը պետք է հիմնված լինեն ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (ՀՈՒԱԻԿ) երկու կոնկրետ հոդվածների վրա, որոնք կապված են հատկապես երկրի հեռավոր մարզերում և գյուղական բնակավայրերում հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ուղղված կայուն բարեփոխումների խթանման վերաբերյալ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հետ։ Նախագծային հաջող առաջարկները պետք է կենտրոնանան հաշմանդամության տեղական համատեքստին համահունչ հաշմանդամության խնդիրների վրա, և առաջարկեն ներառականության խթանմանն ուղղված ստեղծարար լուծումներ։ ​ 

​​Պոտենցիալ նախագծերը կարող են ներառել հետևյալը (խնդրում ենք նկատի առնել, որ սա ամբողջական ցանկը չէ, այլ օժանդակ ուղեցույց՝ նախագծի գաղափարների վերաբերյալ։ Պատկերավոր նախագծերի գաղափարների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այս փաստաթղթի վերջին բաժնում)․​ 

​​Երիտասարդական նախագծերի ոլորտներ ​ 

  • ​​Հաշմանդամային սպորտի առաջխաղացման նախագծեր (օրինակ՝ համագործակցություն տեղական դպրոցների հետ՝ հաշմանդամություն ունեցող աշակերտների համար հարմարեցված սպորտային ծրագրերի ստեղծման համար, որը ֆիզիկական ակտիվության և սոցիալական ներգրավման հնարավորություններ կստեղծի, համայնքում մատչելի և ներառական սպորտային սարքավորումների ներդրում, ինչքը հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվության հավասար հնարավորություններ կընձեռի)։​ 
  • ​​Նախագծեր, որոնք նպաստում են ապաինստիտուցիոնալացմանը` նպաստելով հաշմանդամություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  ինստիտուցիոնալ հաստատություններից (հոգեբուժարաններ, երկարաժամկետ խնամքի հաստատություններ) անցմանը դեպի համայնքահեն խնամքի և աջակցության ծառայություններ՝ առաջխաղացնելու անհատների իրավունքներն, ինքնուրույնությունը և ներառումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց իրենց համայնքներում պակաս սահմանափակող և առավել ինտեգրված միջավայրերում ապրելու։  ​ 
  • ​​Արվեստի միջոցով ջատագովությունը խթանող նախագծեր (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությանն ու մարտահրավերներին նվիրված լուսանկարչական մրցույթ, փողոցային արվեստի արշավ, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց համակիրները հանրային որմնանկարներ են ստեղծում՝ հավասարության, ներառականության, մատչելիության ուղերձներով)։​ 
  • ​​Հաշմանդամության և կլիմայի փոփոխությանը վերաբերող նախագծեր (օրինակ՝ աշխատաժողովներ, որոնք ուղղված կլինեն քաղաքականություն մշակողների, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի, համայնքաբնակների շրջանում կլիմայի հետ կապված աղետների հանդեպ հաշմանդամություն ունեցող մարդկանց առանձնահատուկ խոցելիության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը; աղետների արձագանքման դեպքերի համար մատչելիության քարտեզագրում, ինչը փրկարար ծառայություններին հնարավորություն կտա երկրաշարժերի, ջրհեղեղների ժամանակ արդյունավետ կերպով տեղայնացնել և օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց; գյուղական բնակավայրերում հաշմանդամություն ունեցող ֆերմերների համար օժանդակ տեխնոլոգիաների մշակում և տարածում, ինչը, չնայած կլիմայի մարտահրավերներին, կընդլայնի կայուն գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավվելու նրանց հնարավորությունները, օրինակ՝ երաշտադիմացկուն գյուղատնտեսական սարքավորումներ կամ հարմարեցված (էրգոնոմիկ) գործիքներ շարժունակության խնդիրներ ունեցող երիտասարդների համար)։ ​ 
  • ​​Արդարադատության մատչելիություն​​ ջատագովող նախագծեր, որոնք ուղղված են հեռավոր մարզերում և գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդների համար արդարադատության սահմանափակ մատչելիության խնդրին՝ գործարկելով ՄԱԿ ՀՈՒԱԻԿ-ի հոդվածներն ու ԿԶՆ-ը (այսպես՝ նախագիծը կարող է առաջնահերթել ՀՈՒԱԻԿ-ի մեկ կամ երկու հոդված, օրինակ՝ Հոդված 12-ը (Օրենքի առաջ հավասարությունը) և Հոդված 13-ը (Արդարադատության մատչելիությունը), որոնք ուղղակիորեն կապված են ներառականություն խթանող ԿԶՆ-ի հետ)։ ​ 
  • ​​Հանրային տարածքներում մատչելիություն առաջխաղացնող նախագծեր (օրինակ՝ ֆիզիկական մատչելիություն, հաղորդակցության մատչելիություն, տեղեկատվության մատչելիություն)։ ​ 
  • ​​Նախագծեր, որոնք նպաստում են առողջապահական ոլորտում հաշմանդամության ներառմանը (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող կանանց առողջապահական խնամքի մատչելիության բարելավում` առողջապահական ծառայություններ մատուցողների վերապատրաստման միջոցով):​ 
  • ​​Նախագծեր, որոնք խթանում են ներառական կրթությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար (մատչելի ուսումնական նյութերի մշակում, օրինակ՝ հարմարեցված դասագրքեր, որտեղ տեղեկատվությունը ներկայացված է ուսումնառության տարբեր ոճեր ունեցող երեխաների համար մատչելի կերպով, ներառական կրթության վերաբերյալ ուսուցիչների վերապատրաստում, հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցության, միջավայրի հարմարեցման վերաբերյալ գործնական օրինակների տրամադրում)​ 
  • ​​Հաշմանդամության ներառման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը խթանող նախագծեր:​ 
  • ​​Նախագծեր, որոնք խրախուսում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ներգրավվել քաղաքական և հասարակական կյանքում:​ 
  • ​​Նախագծեր, որոնք բարձրացնում են իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ (օրինակ՝ գործողություններ, որոնց արդյունքում մարդիկ տեղեկացված կլինեն, թե ինչպես կարող են այս օրենքների կիրառմամբ առաջխաղացնել հաշմանդամության ներառումը, հասկանալ, թե արդյոք իրենք իրավունք ունեն օգտվել ենթաօրենսդրական ակտերով սահմանված պոտենցիալ արտոնություններից․ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող երիտասարդներն անտեղյակ են օրենքով սահմանված կարգով իրենց հասանելի աջակցության տարբեր ձևերից կամ արտոնություններից)։​ 

​​Մենք չենք կարող ֆինանսավորել հետևյալ տիպի նախագծերը.​ 

  • ​​Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար տրանսպորտային ծառայությունների ֆինանսավորում (թեև շատ տեղանքներում դպրոց կամ աշխատանքի հաճախելու համար տրանսպորտային միջոցների զգալի կարիք կա, ծրագրի միջոցները չեն կարող ուղղվել տրանսպորտային միջոցների ֆինանսավորմանը։ Սակայն, դիմորդները կարող են ներկայացնել առաջարկ, որի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում ջատագովել այս ուղղությամբ ֆինանսական միջոցների ներդրումն՝ ի կատարումն բոլոր երեխաներին դպրոց հաճախելու հնարավորությամբ ապահովելու իրենց պարտավորության)​ 
  • ​​Աջակցող սարքերի, առողջությանն ուղղված կամ վերականգնողական այլ սարքերի, ինչպես օրինակ՝ անվասայլակների կամ սպիտակ ձեռնափայտերի գնում։ ​ 
  • ​​Ենթակառուցվածքների ստեղծում։ ​ 

​​Հետևյալ ցանկը ներկայացնում է ​​ծրագրի պատկերավոր օրինակներ ​​(խնդրում ենք նկատառել, որ սրանք ընդամենը ծրագրի հնարավոր գաղափարների օրինակներ են, և դիմորդները պարտավորություն չունեն այս նախագծերից որևէ մեկն առաջարկելու։  Մենք խրախուսում ենք ներկայացնել այնպիսի նախագծեր, որոնք ուղղված կլինեն դիմորդի համայնքում/մարզում առկա  հաշմանդամության ոլորտի խնդիրների լուծմանը):​ 

  1. ​​Դիմորդներն առաջարկում են աշխատել մեկ կամ երկու ընտրված դպրոցների հետ՝ հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող ​​երեխաների համար դրանք ավելի մատչելի​​ դարձնելու նպատակով։ Դիմորդները կարող են ընտրել այդ դպրոցները, քանի որ բազմաթիվ երեխաներ կան, որոնք անվասայլակ են օգտագործում կամ չեն կարող ինքնուրույն մուտք գործել դպրոց։ Նրանք նաև չեն կարող հաճախել այն դասերին, որոնք անցկացվում են դպրոցի երկրորդ հարկում։ Դիմորդներն առաջարկում են նախագիծ, որի նպատակը ընտրված դպրոցների տնօրինության շրջանում դպրոցի շենքն այս երեխաների համար ավելի մատչելի դարձնելու ջատագովումն է։ Օրինակ, դիմորդները կարող են ջատագովել, որ դպրոցի մուտքի մոտ մատչելի թեքահարթակ տեղադրվի՝ ապահովելով անվասայլակներով երեխաների անխոչընդոտ մուտքը դպրոց։ Բացի այդ, դիմորդները կարող են աշխատել դպրոցների հետ և ապահովել, որ այդ երեխաների համար բոլոր դասերն անցկացվեն շենքի առաջին հարկում։ Սա կարող է նշանակել, որ սովորաբար շենքի երկրորդ հարկում անցկացվող դասը կսկսի անցկացվել առաջին հարկում, որպեսզի երեխան կարողանա լիարժեք մասնակցություն ունենալ դրան։ Դիմորդները նաև կարող են աշխատել դպրոցների հետ՝ ստուգելու, թե արդյոք սանհանգույցները հասանելի են անվասայլակ օգտագործող երեխաների համար, և, եթե հասանելի չեն, դիմորդը ջատագովում է, որպեսզի դպրոցը համապատասխան հարմարեցումներ իրականացնի։​ 
  2. ​​ Դիմորդները կարող են դպրոցների համար այլ տիպի նախագծեր առաջարկել՝ ​​տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաների​​ համար ջատագովություն իրականացնելու նպատակով։ Օրինակ, կան երեխաներ, ում կարող է պահանջվել հարմարեցնել ուսումնական նյութերն՝ ուսումնառության իրենց ոճի համար մատչելի դարձնելով։ ​ 
  3. ​​Դիմորդները կարող են առաջարկել ​​իրազեկման արշավներ ​​անցկացնել այն խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք իրենց համայնքում։ Դիմորդները պետք է օգտագործեն հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցները՝ մարդկանց հետ կապ հաստատելու, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վերաբերյալ նրանց կրթելու համար։ Իրազեկման արդյունավետ արշավը կօգնի խթանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին դրական պատկերացման ձևավորումը և բացառել հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակության մեջ պատմականորեն արմատացած թյուրընկալումները։ Դիմորդները պետք է օգտակգործեն հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներն, ինչպես օրինակ՝ տեղական խանութներում հասանելի թերթեր, տեղեկատվական թռուցիկներ, սոցիալական մեդիա, և ցանկացած այլ տարածված միջոց, որը կօգնի մարդկանց տեղեկացնել։ ​ 
  4. ​​Դիմորդները կարող են առաջարկել ​​առողջապահության մատչելիության​​ վերաբերյալ նախագծեր։ Սա կարող է նախագծերի գաղափարների շատ ընդարձակ սպեկտր ներառել, օրինակ՝ առողջապահության մասին տեղեկատվության մատչելիություն տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այսպես, եթե տեղեկատվությունը հաղորդվում է հեռուստատեսությամբ, այն հասանելի լինի նաև լսողական խնդիր ունեցող անձանց համար, կամ եթե տեղեկատվության աղբյուրն օրաթերթ է, կամ այլ տպագիր նյութ, այն հասանելի լինի նաև տեսողական խնդիր ունեցող անձանց համար։ Առողջապահական նախագծի մեկ այլ հնարավոր բաղադրիչ կարող է վերաբերել արտոնված գաղտնիությանը առողջապահական հաստատություն այցելելիս։ Հաճախ տեսողական խնդիր ունեցող անձանց անհրաժեշտ է օգնել՝ ընթերցել ձևաթղթերը, և հաճախ դա արվում է մարդկանցով լի սենյակում։ Լսողական խնդիր ունեցող անձանց հաճախ չեն տրամադրում ժեստերի թարգմանիչ, կամ հաղորդակցության այլ միջոց։ Սա ծայրահեղ խնդրահարույց է, քանի որ բուժառուի և բժշկի միջև չկա լիարժեք հաղորդակցություն։  ​ 
  5. ​​Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը​​, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերը, որոնք նպաստում են օրենքի կիրարկմանը. հաշմանդամություն ունեցող շատ անձինք տեղյակ չեն օրենքից և թե ինչպես է այն առնչվում իրենց հետ: Օրենսդրությանը ծանոթ դիմորդները կարող են առաջարկել նախագիծ, որի շրջանակում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար դասընթացներ կանցկացվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի, ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ։ Դասընթացները ոչ թե խորքային իրավաբանական կլինեն, այլ կօգնեն հաշմանդամություն ունեցող երիտասարդներին «իմանալ օրենքը» և թե ինչ անել, եթե խախտվեն օրենքով սահմանված իրենց իրավունքները։ Օրինակ՝ որտե՞ղ զանգահարել ու հայտնել իրենց իրավունքների խախտման մասին։  Դասընթացները կարող են վերաբերել նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներին օրենքով սահմանված կարգով հասանելի արտոնություններին, դրանցից օգտվելու եղանակներին։ ​ 
  6. ​​Դիմորդները կարող են առաջարկել ծրագիր, որի նպատակը կլինի իրենց համայնքներում ​​ֆիզիկական մատչելիության​​ առաջխաղացումը։ Օրինակ՝ նրանք կարող են մշակել մատչելիության ստուգաթերթ, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ արդյոք մայթերը մատչելի՞ են անվասայլակ կամ սպիտակ ձեռնափայտ գործածող անձանց համար, շինությունների մուտքերը մատչելի՞ են, հասարակական սանհանգույցները մատչելի՞ են, ի թիվս այլ շատ գործոնների, որոնք առնչվում են կառուցապատված միջավայրի ֆիզիկական մատչելիությանը։  Իրենց համայնքի կամ իրենց համայնքում ընտրված մի քանի մասնավոր ձեռնարկությունների կամ պետական հաստատությունների շենքերի մատչելիությունը ստուգելուց հետո դիմորդները կարող են համառոտ հաշվետվություն ներկայացնել իրենց բացահայտումների վերաբերյալ, որը կներառի նաև համապատասխան շահառուների ուղղված հեշտ իրագործելի և մեծ ծախսեր չներառող շտկումների առաջարկներ՝ այսպիսով ջատագովելով ավելի մատչելի ֆիզիկական միջավայր ստեղծելուն միտված փոփոխություններ։ Շատ դեպքերում տեղական իշխանությունները հակված են կարծել, թե մատչելիության ապահովումը հսկայական գումարներ է պահանջում, մինչդեռ մատչելիության շատ լուծումներ մեծ ծախսեր չեն ենթադրում, և դրանց ներդրումից կշահի ողջ համայնքը։ Դիմորդները կարող են համայնքային իշխանություններին ներկայացնել իրենց դիտարկումները և քննարկել համագործակցային ուղիներ՝ համայնքը, կամ համայնքային որոշակի տարածքներ ավելի մատչելի դարձնելու համար։ Հատկանշական է, որ այս նախագծի օրինակը կառուցված է ֆիզիկական մատչելիության շուրջ, սակայն դիմորդները կարող են նաև ավելի ընդարձակ ստուգաթերթ կազմել, որը կներառի մատչելիության այլ տեսակներ, ինչպես օրինակ՝ տեղեկատվության կամ հաղորդակցության մատչելիությունը։ ​ 
  7. ​​Նախագծի գաղափարը կարող է վերաբերել նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ​​զբաղվածության հնարավորություններին​​։ Օրինակ, դիմորդները կարող են առաջարկել աշխատել հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք գտնել։ Սա կարող է նաև ներառել տարբեր հմտություններ ուսուցանող դասընթացների անցկացում, նաև գյուղական համայնքներում, եթե դիմորդներն ունեն համապատասխան կարողություններ։ Դասընթացների բովանդակությունը կախված կլինի դիմորդների կարողություններից, սակայն օրինակներից մեկն է համակարգչային որոշ ծրագրերի (էլփոստ, որոնողական համակարգեր, Microsoft Office) վերաբերյալ ընդհանուր գիտելիքների փոխանցումը։ Ի լրումն այս դասընթացների, դիմորդները կարող են աշխատել հնարավոր գործատուների հետ՝ օգնելով հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատանք գտնել։ Դիմորդները կարող են համագործակցել նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ, քննարկել հնարավոր զբաղվածության հնարավորությունները, օգնել նրանց ծրագրել և ձեռք բերել տվյալ ոլորտներում աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները՝ ներառյալ խելամիտ հարմարեցումները, որոնք կարող են անհրաժեշտ լինել աշխատանքային առաջադրանքները կատարելու համար։ ​ 

​​Համագործակցություն հաշմանդամություն ունեցող անձանց մենթոր կազմակերպությունների հետ​ 

​​Ի լրումն նորարարական նախագծի գաղափարների, դիմորդներից ակնկալվում է նաև մանրամասնել, թե ինչպես են պատկերացնում հաշմանդամություն ունեցող անձանց մենթոր կազմակերպությունների հետ համագործակցությունը, և թե ինչին կծառայի իրենց մենթորների փորձառությունը։ Բարձր կգնահատվեն կոնկրետ ոլորտների վերաբերյալ պատկերավոր օրինակները, որոնց շրջանակում հատկապես ակնկալվում է մենթորների աջակցությունը։ Այս համապարփակ տեղեկատվությունը վճռորոշ դեր կունենա նախագծերի ընտրության և կրթաթոշակ ստացած երիտասարդների ու մենթոր կազմակերպությունների հաջող զուգակցման գործընթացում:​